Ով և ինչպես է ծնկի բերում ամբողջ երկրներ, իսկ նրանց քաղաքացիներին գցում աղքատության գիրկը: Ում է ձեռնտու կյանքը վերածել դժոխքի, իսկ մարդկանց ստրուկների: Ինչու՞ ենք մենք համաձայնում դրան: Կարդացեք այդ մասին «Տնտեսական մարդասպանը բացատրում է, թե ինչու փլվեցին ֆինանսական շուկաները» գրքում, որի հեղինակն է համաշխարհային հայտնի տնտեսական մարդասպան Ջոն Պերկինսը:
Նախկինում պրոֆեսիոնալ տնտեսական մարդասպան, որ գործել է ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի պլանի համաձայն, տնտեսագետ և տաղանդավոր բիզնեսմեն, ԱՄՆ-ում մեծ արձագանք ունեցած «Տնտեսական մարդասպանի խոստովանությունը» գրքի հեղինակ Ջոն Պերկինսը բոլորից շուտ էլ իմացել սպասվող տնտեսական ճգնաժամի անխուսափելիության մասին: Այն գրքում, որից մի հատված ես կներկայացնեմ ձեզ թարգմանաբար, նա բացահայտ անկեղծությամբ պատմում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի իրական պատճառների մասին, խոշորագույն կորպորացիաների ղեկավարների հաշվենկատ ու ցինիկ գործողությունների մասին, որոնք տնօրինում են միլիարդավոր դոլարներ, բազմաթիվ երկրների հող և բնական ռեսուրսներ: Սակայն գիրքը ոչ միայն նրա մասին է, թե ինչպես է աշխարհը հայտնվել անդունդի եզրին, այլ նաև այն մասին թե ինչպես չընկնել այնտեղ: Հեղինակը վստահ է, որ դեռ կա հնարավորություն ստեղծել առողջ տնտեսություն, որը կստիպի արտադրողներին պաշտպանել ոչ միայն իրենց բաժնետերերի և գործընկերների շահերը, այլ նաև սպառողների ու ընդհանուր հասարակության շահերը:
Եվ այսպես ներկայացնեմ Ջոն Պերկինսի գրքից առաջին հատվածը.
«Ես տնտեսական մարդասպան էի, ժամանակակից վարձկանների էլիտար կորպուսից մեկը, որոնք պաշտպանում են խոշոր կորպորացիաների և ԱՄՆ-ի կառավարության մի շարք ստորաբաժանումների շահերը: Ունեի գլխավոր տնտեսագետի հեղինակավոր պաշտոն և բարձրակարգ տնտեսագետների, կառավարման գծով խորհրդականների, ֆինանսական վերլուծաբանների մի ամբողջ բաժին, որոնք կազմում էին բովանդակալից, արտաքուստ ճիշտ հաշվետվություններ: Սակայն իմ հիմնական խնդիրն էր երրորդ աշխարհի երկրների ստրկացումն ու սնանկացումը:
Կան տնտեսական մարդասպանի աշխատանքի բազմաթիվ մեթոդներ, բայց ամենատարածվածը սա է. մենք գտնում ենք այն երկրներին, որոնք ունեն մեր կորպորացիաներին հետաքրքրող ռեսուրսներ, հետո համոզելով, կաշառք տալով, սպառնալով այդ երկրի ղեկավարներին ստիպում ենք շահագործել իրենց ժողովրդին՝ վերցնել վարկեր, որոնք արդեն նախապես հայտնի է, որ չեն կարողանալու վերադարձնել, սեփականաշնորհել պետական ունեցվածքը և այլն: Եվ այդ ամենի արդյունքում օրինականացնելով փխրուն կենսահամակարգերի քայքայումը՝ ստիպում ենք վաճառել այդ ցանկալի ռեսուրսները էժան գներով: Իսկ առավել անհնազանդ ղեկավարներին կամ գցում են իրենց պաշտոնից, կամ վերացնում են ԿՀՎ-ի վարձկանները:
Երրորդ աշխարհի երկրներում մենք այնքան հաջող սկսեցինք գործել, որ մեր ղեկավարությունը ցանկություն հայտնեց կիրառել այդ նույն տեխնոլոգիան ոչ միայն ԱՄՆ-ում, այլ ամբողջ մոլորակով մեկ: Մեր ջանքերի արդյունքում ստեղծվեց կապիտալիզմի անկայուն մի համակարգ, որը հիմա համարում են ներկայիս տնտեսական ճգնաժամի նախապատճառ: Եվ չնայած ժամանակավոր դրական միտումներին, ճգնաժամը նոր է սկսում թափ հավաքել, փոթորիկը նոր է ծավալվում»:
Այս բառերը ես գրում էի 2009թ-ի մարտի 5-ի վաղ առավոտյան, երբ “IcelandAir” ընկերության “Boeing-757″ ինքնաթիռը վայրէջք կատարեց Ռեյկյավիկում՝ Ֆլորիդայից երկար թռիչքից հետո: Ինքնաթիռի պատուհանից այն կողմ մութ էր, և ես ինձ հանկարծ զգացի ոչ թե 21-րդ դարում, այլ ինչ-որ մի տեղ 19-րդ դարի վերջերում: Իսլանդիայի տնտեսական աղետը ևս մեկ անգամ ապացուցում է, որ փոթորիկը դեռ ուժ է հավաքում: Աղքատ, պայմանական-եվրոպական այս երկրի տնտեսությունը աննախադեպ աճ էր ունեցել, և Համաշխարհային Բանկի տվյալներով 2007-ին Իսլանդիան դարձել էր 3-րդ երկիրը աշխարհում բնակչության 1 շնչին ընկնող եկամուտների ծավալով: Մի ակնթարթում Իսլանդիան դարձավ աստղերի, պրոֆեսիոնալ խաղացողների, աֆերիստների և տնտեսական մարդասպանների համար մի դրախտավայր: Նրանք սկսեցին ոհմակներով գալ այստեղ: «Մորգան Սթենլի» (Morgan Stanley), «Գոլդման Սաքս» (Goldman Sachs) և այլ խոշոր ներդրումային ընկերություններ ԱՄՆ-ից իրենց «սպիտակ օձիքավոր» աշխատողների բանակներ էին գործուղում այնտեղ: Ինդոնեզիայում, Նիգերիայում, Կոլումբիայում և այլ երկրներում հաջող փորձարկված տակտիկայի շնորհիվ, իմ նախկին կոլլեգաները համոզեցին իսլանդական առաջնորդներին առանձին-առանձին և ընդհանուր կառավարությանը վերցնել վարկեր: Իսլանդացիք էլ ընկան էյֆորեայի մեջ, ու սկսեցին գնել առանձնատներ Մայամիում, բնակարաններ Բևերլի Հիլզում, անգլիական սուպերմարկետների ցանցեր, դանիական ավիաընկերություններ, «բենթլի»-ներ ու «ռոլս ռոյս»-եր, նույնիսկ ֆուտբոլային թիմեր: 2007-ին իսլանդացիների արտասահմանյան ակտիվները մոտավորապես 50 անգամ գերազանցեցին 2002-ի ցուցանիշերը: 2003-2007թթ. իսլանդական ֆոնդային բիրժայում առևտրի ծավալները մեծացան ամբողջ 9 անգամ, այն ժամանակ երբ ԱՄՆ-ում այդ թիվը միայն կրկնապատկվեց: Անշարժ գույքի գինը Ռեյկյավիկում բարձրացավ 3 անգամ, այնպես ինչպես միջին վիճակագրական իսլանդական ընտանիքի եկամուտները: Կտրուկ բարձրացան նաև հումքի գները:
Եվ այդ անսպասելի բարեկեցության աղբյուրը գեոթերմալ և հիդրոէլեկտրական էներգիան էր: Իսլանդական սառցադաշտերը, գետերը, հրաբուխները, տաք ստորգետնյա աղբյուրներն ունեն անսպառ էներգիայի պաշարներ, բայց դրանք ցավոք չես կարող փաթեթավորել և արտասահման ուղարկել, դրա համար էլ էներգիան ստիպված են հենց տեղում էլ օգտագործել: Էլեկտրաէներգիայի խոշորագույն սպառողները՝ ալյումինի գործարաններն ու կոմբինատները իրենց արտադրությունը տեղափոխել էին Իսլանդիա դեռևս 1960-ականներին: Հաջորդ 40 տարվա ընթացքում ալյումինի նկատմամբ միջազգային պահանջարկը մի քանի անգամ ավելացավ, և ալյումին արտադրողները համոզեցին իսլանդական կառավարությանը կառուցել նոր էլեկտրակայաններ, որոնց միակ նպատակն էր էներգիայով ապահովել արտասահմանցիներին պատկանող գործարանները: «Ալկոլա» (Alcola) ընկերությունը, որ աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերությունն է, Իսլանդիային աննախադեպ առաջարկ արեց՝ կառուցել երկրի հյուսիսում խոշոր վերամշակող համալիր: Իսլանդիայի կառավարությունը միայն պետք է վերցներ խոշոր վարկ (էլ.էներգիայի վաճառքից ստացված եկամուտներով ապահովված) և վարձել արտասահմանյան մասնագետների պլատինայի և հերթական էլեկտրակայանի շինարարության համար, որը կկարողանար արտադրել ավելի քան 600 մեգավատ էլ.էներգիա նոր գործարանի համար (համեմատելու համար ասենք, որ Իսլանդիայի ամբողջ բնակչությունը սպառում է 300 մեգավատից քիչ էներգիա): Եվ իհարկե գործանակում ամեն ինչ չէ, որ այդքան հեշտ էր: Պարզվեց, որ պլատինան պետք է կառուցվի սեյսմավտանգ գոտում և դրա արդյունքում Մանհեթենի չափ տարածք է մնալու ջրի տակ իր յուրահատուկ բնական լանդշաֆտով: Անտարբեր իսլանդացիք փաստացի թույլ տվեցին իրենց կառավարությանը շրջանցել շրջակա միջավայրի պահպանության մասին օրենսդրությունը և հավանություն տալ այդ շինարարությանը՝ «հատուկ պայմաններով»: 2007թ-ի հունիսին «Ալկոլա»-ն շահագործման հանձնեց նոր գործարանը, որ կառուցվել էր ամերիկյան «Բեխթել» (Bechtel) կորպորացիայի կողմից: Նախատեսվում էր, որ նոր գործարանը պետք է արտադրի 346 հազար տոննա ալյումին տարեկան, այսինքն 10 անգամ ավելի շատ քան առաջին իսլանդական գործարանը: Իսլանդացիք ուրախանում էին այնքան ժամանակ, մինչև որ պարզեցին, որ ապահովելով «Ալկոլա»-ի սարքավորումների աշխատանքը՝ այդ հզոր էլեկտրակայանը ամեն ամիս կրում է 10 հազարավոր դոլարներ վնաս:
2008թ-ի հոկտեմբերի 6-ին պատահեց անհավանականը՝ փլվեցին իսլանդական բանկերը, որոնց կապիտալը ուռճացել էր այդ համեստ տնտեսությամբ երկրի համար աղետալի չափսերի: Կորուստները կազմեցին 100 միլիարդ դոլար և շարունակում էին աճել: Արդյունքում Իսլանդիայի արտաքին պարտքը աճեց մինչև 850% ՀՆԱ-ի նկատմամբ: Երկիրը հայտնվեց տնտեսական աղետի մեջ: 
Մինչ ինքնաթիռը սահում էր թռիչքուղիով, ես մտածում էի ի՞նչ է լինելու Ռեյկյավիկի վիճակը այս ոսկե տենդից հետո: Արդյո՞ք նա էլ կդառնա քաղաք-ուրվական, որի փողոցներով թափառում են միայն գողրը, չքավորներն ու հարբեցող դարձած տնտեսական մարդասպանները:
Ես ոչ մի կասկած չունեի, որ իսլանդական ողբերգությունը դա զուտ առաջին ծիծեռնակն է ապագա տնտեսական աղետի: Ես ուղևորության էլ մեկնեցի ավելի շատ նրա համար, որ տեղում ծանոթանամ զարգացած երկրի «առաջին սպանության» մանրամասներին: Եթե մենք դասեր չքաղենք իսլանդական ողբերգությունից, մեզ բոլորիս էլ նույն վախճանն է սպասվում:
Այնպես, ինչպես ԱՄՆ-ն և աշխարհի շատ այլ երկրներ, Իսլանդիան էլ դարձավ այն կապիտալիզմի անոմալ ձևի զոհը, որի հայտնվելը բիզնես-դպրոցի իմ դասախոսները կանխագուշակել էին դեռևս 1960-ականների վերջերին և հենց նույն պահին էլ ենթարկել քննադատության: Այս անոմալիայի սաղմերը արժեքների յուրահատուկ համակարգ արմատավորեցին բիզնես էլիտայի և քաղաքական գործիչների մտքերում Նյու-Յորքից մինչև Շանհայ: Հենց դա պատճառ հանդիսացավ այն տնտեսական աղետների, որոնք կեղեքում են երրորդ աշխարհի երկրները սկսած 1970-ական թվականներից՝ երբ ես ներգրավվեցի տնտեսական մարդասպանների շարքերը: Հիմա այդ նույն վիճակն էր նաև Իսլանդիայում: Կապիտալիզմի այդ ձևի հիմնական սկզբունքն է. անբեկանելի հավատը բնական ռեսուրսների սեփականաշնորհման, կառավարող ընկերություններին անսահմանափակ իրավասություններ տրամադրելու նկատմամբ, և «վարկով կյանք»-ի գաղափարի քարոզումը, որը բերում է և առանձին մարդկանց, և ամբողջ երկրների ստրկության ժամանակակից ձևի: Խոշորագույն կորպորացիաների ղեկավարները վերածվել են մի էլիտայի, որը ի տարբերություն հասարակ մահկանացուների հաշվետու չէ ոչ մի կանոնների և օրենքների: Սրանից ելնելով էլ ձևավորվեց սկզբունքորեն նոր գեոքաղաքականություն: Մեր ժամանակները շատ գծերվ հիշեցնում են այն ժամանակաշրջանը, երբ քաղաք-պետությունները վերածվում էին երկրների, միայն այն տարբերությամբ, որ այսօր երկրները կլանվում են հսկա կորպորացիաների կողմից:
Իմ դասախոսների կարծիքով խնդիրը ոչ թե հենց կապիտալիզմի մեջ էր, այլ նրա մուտացիայի ենթարկված ձևի մեջ, որը վիրուսի նման վարակել է շատ շատերին: Ինքնաթիռը կանգ առավ և ես սկսեցի մտածել, թե որքան են շանսերը կանգնեցնելու վիրուսի տարածումը, քանի դեռ այն չի վերածվել համաճարակի:
(շարունակելի)







0 users responded to this post
1 Pingback & Trackback On This Post
Թողնել մեկնաբանություն