Առաջին անգամ երբ լսեցի այս քարտեզի մասին, ինձ թվաց թե ամբողջ կյանքումս դա օգտագործել եմ, բայց երբեք չեմ կարողացել հստակ սահմանել թե ինչ է այն իրենից ներկայացնում: Միշտ էլ որևէ մի գաղափար մտքումս ծանրութեթև անելիս փորձել եմ գտնել այլ երևույթներ, գաղափարներ ու քայլեր, որոնք կապված կլինեն այդ նոր գաղափարի հետ ու փորձել եմ մտովի պատկերել այդ կապերը:
Ու վերջերս հայտնաբերեցի, որ այդ մեթոդը արտասահմանում բավականին տարածում ունի արդեն: Բանականության քարտեզ` անգլ. Mind Map կոչվածը բավական արդյունավետ և հետաքրքիր գործիք է որ կարելի է կիրառել նոր նախագծեր պլանավորելիս, նոր գաղափարներ զարգացնելիս և ընդհանրապես ինքնավերլուծության ժամանակ: Այս տերմինի հեղինակն է հայտնի հոգեբան Թոնի Բյուզենը (Նրա ընկերության պաշտոնական կայքը):
Այս քարտեզը գիտական գրականության մեջ ավելի շատ հանդիպում է “Կապերի դիագրամա” անունով:
Այն ունի ծառանման տեսք, որի ճյուղերի վրա պատկերված են բառեր, գաղափարներ, խնդիրներ կամ այլ հասկացություներ: Այս քարտեզը ցույց է տալիս հնարավոր ասոցիացիաների անսահման բազմազանությունը և, հետևաբար, ուղեղի անսպառ հնարավորությունները: Գրառումների նման ձևը թույլ է տալիս քարտեզին անսահմանորեն աճել և համալրվել: Բանականության քարտեզները կիրառվում են գաղափարների ստեղծման, պատկերավոր արտահայտման, կանոնակարգման և դասակարգման համար, ինչպես նաև որպես ուսուցման, նախագծերի կազմակերպման, խնդիրների լուծման, որոշումների կայացման, հոդվածներ գրելու համար:
Այս քարտեզի կառուցման տարբեր մեթոդներ դեռ 1970-ականներին կիրառվել են Ճապոնիայում, երբ նրանց տնտեսության մեջ հեղափոխական առաջընթաց արձանագրվեց:
Կիրառման հիմնական ոլորտներն են.
- կրթություն
- դասախոսությունների կոնսպեկտավորում
- որոշակի թեմայով նյութերի նախապատրաստում
- ստեղծագործական խնդիրների լուծում
- ուղեղային գրոհ
- տարբեր բարդության նախագծերի մշակում և պլանավորում
- կատարվելիք գործերի ցուցակի կազմում
- թրենինգների իրականացում
- ինտելեկտուալ կարողությունների զարգացում
- անձնական խնդիրների լուծում
Բանականության քարտեզների կառուցման կանոնները 
- Որքան մեծ թուղթ վերցնեք, այնքան լավ: Նվազագույնը` A4 ֆորմատի
- Տեղադրեք թուղթը հորիզոնական մակերեսի վրա
- Թղթի կենտրոնում պատկերվում է խնդրի/գաղափարի/նախագծի պատկերը
- Կենտրոնից դեպի կողքերն են տարածվում հիմնական հաստ ճյուղերը, որոնք նշանակում են քարտեզի հիմնական բաժինները: Հիմնական ճյուղերը հետո բաժանվում են ավելի բարակ ճյուղերի
- Բոլոր ճյուղերի վրա գրվում են բանալի բառեր, որոնք խորհրդանշում են այս կամ այն հասկացությունը
- Ցանկալի է կիրառել որքան հնարավոր է բազմազան դեկորացիաներ` տառաչափ, գույն, ծավալ, սլաքներ, նշաններ
- Կարևոր է գտնել քարտեզը գծելու ձեր անձնական ոճը
Դե պատկերացրեք ինչ հնարավորություններ է ձեր առջև բացում այս տեխնիկայի կիրառումը: Ես համենայն դեպս արդեն սկսել եմ կիրառել այն իմ ամենօրյա աշխատանքում օրվա, շաբաթվա և ընթացիկ ամսվա կատարվելիք գործողությունները պլանավորելիս, և ասեմ, բավական հստակ պատկեր է ստացվում:
Կան բազմաթիվ անվճար ծրագրեր Համացանցում, որոնք հատուկ մշակված են բանականության քարտեզների կառուցման համար: Կարող եք ինքներդ էլ փորձել, գտնել այն մեկը որ ավելի հարմար կլինի ձեր պահանջներին և կիրառել գործնականում: Չնայած սկզբնական շրջանում թուղթն ու գրիչն էլ բավական կլինի:
Ցանկացած ոլորտում` լինի դա տանը, աշխատանքում, թե պարզապես ժամանցի համար կարելի է կազմել բանականության քարտեզներ, և երբ կստանաք ավարտուն քարտեզը, ձեր առջև կբացվի մի նոր աշխարհ, մի նոր մայրցամաք, որ հետազոտության, վերլուծության և կյանքում կիրառելու դեպքում մեծ հաջողությունների կհասնեք: Ինչն էլ մաղթում եմ բոլորիդ:
Առողջ եղեք:







hetaqrqri er Hayk jan, apres
isk ayd cragrery inchpes karox enq arel?